Մյուռոնի արծաթյա կաթսան Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել 1895թ․ Նոր Նախիջևանցի վաճառական աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը։ Կաթսան պատրաստվել է Մոսկվայում՝ Պ․ Օվչիննիկովի արհեստանոցում։

Կաթսան ձուլածո է, ունի ոսկեզօծ հավելվածներ, գմբեթավոր կափարիչը ավարտվում է աղավնու քանդակով։ Կաթսայի բարձրությունը 130 սմ է, բերանի տրամագիծը՝ 50սմ, ընդհանուր քաշը՝ 70կգ։ Արծաթյա այս մեծ կաթսան ձևավորված է նկարչագեղ բարդ հորինվածքներով։ Կաթսայի շուրջբոլորը զարդարված են հետևյալ դրվագված պատկերներով․
ա․ «Քրիստոսի մկրտությունը ձեռամբ Սբ․ Հովհաննես Մկրտչի»
բ․ «Աբգար Արքայի մկրտությունը ձեռամբ Սբ․ Թադեոս առաքյալի»
գ․ «Հայոց Արքայական ընտանիքի մկրտությունը ձեռամբ Սբ․ Գրիգոր Լուսավորչի»
դ․ «Միածնի Էջը» «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար»
ե․ «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար»
զ․ « Հոգեգալուստ»

Նշյալ պատկերներն առնված են կամարակապ սյուների մեջ, որոնցից յուրաքանչյուրի վրա կան ոլորապտույտ երկրաչափական և բուսական զարդանախշեր։ Նույնպես ոլորապտույտ վզիկներով թռչունները դառնում են բռնիչներ։ 

Կաթսայի գծագրության ծախսը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ վրայի դրոշմված խորհրդավոր պատկերների ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերոբվե Հարությունյանի տպարան-գործարանում։ 

Կաթսայի վրա կան հետևյալ արձանագրությունները․ 

« Էջ Միածինն ի Հօրէ լոյս փառաց ընդ Նմա․ օծութիւն սրբարար շնորհաց և խորհրդոց Հոգւոյն Աստուծոյ»․

« Ընծայեցաւ սանս օրհնութեան սրբալոյս միւռոնի ի դուռն Ս․ Էջմիածնի ի Նոր նախիջեւանցի Գասպար Յարութիւնեան կարապետօղլեանէ ի յիշատակ յիր ամուսնոյն եւ իւրոց դստերաց եւ ի Տէր հանգուցեալ ծնօղացն եւ զավակաց, ի 1 յունվարի 1895 ամի Փրկչի »։
Կաթսայում առաջին մյուռոնօրհնությունը կատարել է Տ․ Տ․ Մկրտիչ Ամենայն Հայոց Հայրապետը 1897թ․ Սեպտեմբերի 14ին։